2010-09-19

Փայփայենք անկախության դափնիները


Սեպտեմբերի 21-ը պատմական մեծագույն իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում: Այդ բախտորոշ իրադարձությունը հնարավորություն տվեց հայերիս վերջապես ունենալ հայոց անկախ պետականություն` ամրապնդելու հայոց ոգին, հայոց հավատը սեփական ուժերի նկատմամբ:
  Նորաթուխ պետականության 19-րդ տարելիցն  արմավիրցիները տոնեցին բարձր տրամադրությամբ:  Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ :
-Արյունով և ավյունով ձեռք բերված անկախությունը  19 տարեկան է :
 Անկախ պետականության  մեր փառահեղ վկայականը ազգային բանակի ծնունդն է : Բոլորիս պարտքն է փայփայել անկախության դափնիները,- իր ելույթում նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Անկախությունը , որը մեր ժողովրդի արժանապատվության և ազատության ձգտման ամենավառ դրսևորումն է , չնայած բոլոր փորձություններին ու մարտահրավերներին, չարժեզրկվեց : Բավարարվեց հայ ժողովրդի  դարերով փայփայած ոգու պահանջը` ապրել ու արարել ազատ ու անկախ հայրենիքում , ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը:
Նիստին շնորհավորական ուղերձներով հանդես եկան մի շարք կառույցների աշխատակիցներ:
Արմավիրի Բժշկական կենտրոնի աշխատակից Արթուր Դավթյանը արժևորեց հայի տեսակը: Նրա խոսքերով` հայ մարդու մաքառման , նկրտումների շնորհիվ այսօր հնարավորություն ունենք մատաղ սերնդին կրթել հաղթողի արժանապատիվ գիտակցությամբ:
Ըստ մարզպետի`երիտասարդության հավաքական ուժը անհրաժեշտ է լիովին օգտագործել կայուն և զարգացած պետականություն ունենալու համար:
Արմավիրի ԵՄԿԿ-ի առաջատար մասնագետ Իրինա Ամիրխանյանը  մարզի երիտասարդության  անունից  ողջունեց և շնորհավորեց բոլորին.
-Անկախության սերունդներս ուզում և ջանում ենք անել ամեն ինչ հզոր , անկախ պետականություն կերտելու համար:  Հավատարիմ մնալով նախնյաց ավանդներին,  ուսանելի դասեր քաղելով պատմությունից անցյալի սխալները չկրկնելու իմաստով , շարունակելու ենք  անկախության ուղին :
Անկախության ձեռք բերման գործում իրենց ավանդն ունեցած մարզի բնակիչները պարգևատրվեցին պատվոգրերով և  ստացան դրամական նվերներ:
  Հանդիպումն ամփոփեց համերգային ծրագիրը: Կատարումներով հանդես եկան  Արմավիրի արվեստի քոլեջի սաները, Մշակույթի տան  պարային խմբակը և տաղանդավոր այլ երիտասարդներ :

(Արմավիրի ԵՄԿԿ, սեպտեմբերի 18)

                                   Արմինե Երվանդյան 

Комментариев нет:

Отправить комментарий