2010-04-29

Նկարիչ, որի համար արվեստը դարձել էր հայրենիք

(Արմավիր, ցուցահանդես-քննարկում, 29.04.2010թ)

"Հայկական ոգին խոսում է իմ նկարներում: Ամբողջ աշխարհի համար ես իմ վրձնով կվերածնեմ Հայաստանը"
                                                                                                                           Ա. Գորկի

-Թախիծ, որ կար նրա հոգում, նրա արվեստում, անմիջապես վարակեց ինձ:Ինքս Գորկու մասին լսել եմ շատ քիչ, գիտեի որ նկարիչ է,բայց թե ինչ ժառանգություն է նա թողել տեղյակ չէի…
-Նրա անունը լսել էի, որոշ բաներ էլ տպավորվել էին "Արարատ" ֆիլմից: Բայց նրա նկարներին միտքս հասու չէր: Ինձ վրա մեծ տպավորություն գործեց, ավելին`հուզեց "Նկարիչն ու իր մայրը" գործը: Նրա մոր աչքերը ամփոփում էին իրենց մեջ հայի ապրած ողբերգությունը, վիշտը:
-Գիտեք վերացական նկարները, իրոք, հասու չեն յուրաքանչյուրին: Շատ կարևոր է դրանց բացատրությունը, մանավանդ երբ ինքդ արվեստի մարդ չես, ու դրանք դիտում ես "սովորական" աչքով: Ցուցահանդես քննարկումը ինձ ստիպեց ուղղակիորեն շարժել երևակայությունս ու հիմա ես դրանց կարող եմ տալ սուբյեկտիվ մեկնաբանություն:
  Այսպիսի տարաբնույթ կարծրքներ հայտնեցին Արմավիրի ԵՄԿԿ կամավորները Ա. Գորկուն նվիրված ցուցահանդես-քննարկման ընթացքում, որը կազմակերպվել էր Արմավիրի ԵՄԿԿ կողմից: Ցուցահանդես-քննարկման ընթացքում առաջատար մասնագետ, արվեստաբան Իրինա Ամիրխանյանի կողմից ներկայացվեց Ա. Գորկու կենսագրությունը, ստեղծագործական ուղին` անդրադառնալով նրա աշխարհահռչակ կտավներին և նրանց հիմքում ընկած գաղափարներին:
- Այդ գաղափարները վեր են մարդկային մտացածին սահմանափակումներից և դրանով իսկ համամարդկային արժեհամակարգում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում,-իր խոսքում նշեց Ի. Ամիրխանյանը:
 - Հրեշավոր այն նպատակը, որ ուներ Օս. Թուրքիան` վերացնել հայի տեսակը աշխարհի երեսից,ի չիք դարձավ: Հայը թեկուզ և ցրված ամբողջ աշխարհով, պահպանեց իր ազգային արժանիքները, իր հավատը: Դրա փայլուն օրինակներից է Արշիլ Գորկին, որը լինելով անհատ, իր վրա կրելով ցեղասպանության արյունոտ դրոշմը, նույնիսկ օտար հողում դարձավ մեծություն, գիգանտ ոչ միայն հայերիս, այլև համաշխարհային արվեստի և ողջ մարդկության համար: Նրան ստեղծագործելու ուժ էր տալիս արդարության հասնելու ձգտումը: Նրա յուրաքանչյուր կտավի մեջ կորսված հայրենիքի մի մասնիկը կա: Գորկին ապացուցեց, որ հայի տեսակը մեծ է, ուժեղ, անկոտրուն և անմահ: Մեծ ենք ոչ միայն քանակով, այլ մեր բազմադարյան և հապարտություն ներշնչող մշակութային ժառանգությամբ,- ավելացրեց Արմավիրի ԵՄԿԿ գլխավոր մասնագետ Ա. Արշակայնը:
  Միջոցառմանը մասնակցում էին ՏԻՄ- երի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և արվեստասեր անհատներ:
  Ըստ նկարիչ Մ. Սարգսյանի միջոցառումը բացառիկ էր և ռիսկային,- Մեծ համարձակություն է պետք ներկայացնել Արշիլ Գորկի անհատին և արվեստագետին: Տպավորված եմ , միջոցառումը հիանալի էր:
   Գորկու թողածը հոգևոր մեծ սխրանք էր և միայն մեծություններին վերապահված առաքելություն: Գորկին կարողացավ իր արվեստով տալ այդ արհավիրքի ոչ միայն հոգևոր պատասխանը, այլև ազգային ողբերգությունը վերածել համամարդկային ողբերգության:

2010-04-23

Արդարության հաստատում թե՞ պետական շահեր


                                                     (21ապրիլ 2010, Արմավիր)
                                                             (Քննարկում)


  Բոլոր ժամանակների պատմությունը վկայում է , որ ավերներից սովորաբար ավելի հեշտ վերականգնվում են քաղաքները, բարեփոխվում են կյանքի պայմանները , քան փոխվում են մարդկանց հոգեբանությունն ու մտածողությունը, կյանքի բարոյական չափորոշիչները:      Պատմության մեջ վակուում գոյություն չունի: Ոչ մի ժողովուրդ չի կարող խուսափել իր պատմությունից: Կարող է միայն վերապրել այն, ինչն անելու համար յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հաշտվի իրականության հետ և լուծի բոլոր հարցերը, որոնք առկա են ժողովրդի մեջ և հարևանների հետ հարաբերություններում: Սա երկկողմանի գորընթաց է ,  հայ և թուրք երիտասարդները պարտավոր են միասին անրադառնալ պատմությանը, որպեսզի հաղթահարեն դրա ժառանգությունը:
  Այս  բովանդակությունն էր կրում Արմավիրի ԵՄԿԿ-ի գլխավոր մասնագետ Արգամ Արշակյանի նախաձեռնած "Արդարության հաստատում , թե պետական շահեր" թեմայով քննարկումը: Քննարկմանը ներկա  էին ԵՄԿԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Մերթարջյանը, Արմավիրի մարզպետի օգնական Ն.Պետրոսյանը, մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության , մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա.Թորոսյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Ա.Առաքելյանը: Մասնակցում էին նաև դասախոսներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
   -Վերջ տանք լացի քաղաքականությանը: Երիտասարդությունը իրականում հասարակության ամենամեծ շարժիչ ուժն է : Ոչ մի պետություն զգացմունենքրի դրդմամբ որոշումներ չի ընդունում: Սկզբունքորեն  հաշվի են առնվում միայն պետական շահերը: Ունենք այն, ինչ ունենք: Մեզանից պահանջվում է դառնալ մի հզոր բռունցք և միասնական ուժով կանգնել պետության կողքին և ցույց տալ աշխարհին , որ հայ ազգը հզոր է , պահանջատեր , պատրաստ է արժանի հակահարված տալ պետության հանդեպ ցանկացած ոտնձգությունների: Մենք պետք է հասնենք նրան, որ , ի վերջո, Թուրքիային ստիպենք ընդունի ճշմարտությունը: Քանզի արդարության սպասող արյունը դեռ ծարավ է հատուցման,-այսպիսի խոսքերով սկսեց իր ելույթը Արմավիրի ԵՄԿԿ-ի գլխավոր մասնագետ Ա.Արշակյանը:
  Ըստ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության , մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ա.Առաքելյանի`արդարության հատատումը կօգնի Թուրքիային հաշտվել իր իսկ անցյալի հետ, հաղթահարել մի բարդույթ , որը, սերնդեսերունդ փոխանցվելով, նորանոր կնճիռներ է ստեղծում հարևան երկու ժողովուրդների հարաբերություններում:
  -Մենք` երիտասարդներս , ամեն ջանք պետք է գործի դնենք այս ուղղությամբ: Ցեղասպանության ճանաչումը անխուսափելի է փաստագրական տվյալների ահռելի զանգվածի առկայության պայմաններում:Եվ, ի վերջո, ոչ մի կառավարություն չի կարող անպատիժ ոչնչացնել մի ամբողջ ազգի, -ավելացրեց Ա.Առաքելյանը:
  -Ազգային վիշտը կրակե շապիկ է , որը դեռ այրում է մեր ժողովրդին: Պատմությունը մարդկության հիշողությունն է և վաղվա օրվա ջահը, րըը պետք է լուսավորի ապագայի ճանապարհը:Ցեղասպանության զոհերի արյունը միշտ կկանչի ժողովրդին , քանի դեռ պատմությունը չի լռեցրել այդ արդարամիտ կանչը, -համոզված է ԵՄԿԿ-ի կամավոր Սյուզին: Նրա հավաստմամբ ` գալու է մի օր , երբ վտարանդի մեր սփյուռքը վերադառնալու է , քանի որ օտար երկիրը մարդու համար շքեղ ու հարմարավետ հյուրանոց է լոկ:Իսկ ապրելու համար հարկավոր է հայրենի  տուն` օջախ:
  "Արմավիրի զարգացման կենտրոն" հկտնօրեն Ն.Առաքելյանը ողջունեց նմանատիպ քննարկումները: Նրա խոսքերով` ցեղասպանությունը միշտ հանցանք է եղել`համաձայն թե տեղական , թե միջազգային օրենքների և այդ հանցանքը պահանջում է թե պետության , թե անհատի պատասխանատվություն:
Քննարկման ընթացքում "Կորսված ճարտարապետական հուշարձաններն  ու գրքարվեստի գոհարները" պատմական ակնարկով հանդես եկավ Արմավիրի ԵՄԿԿ-ի առաջատար մասնագետ Ի.Ամիրխանյանը :
   -Շատ կարևոր է , որ երիտսարդության մեջ ամրապնդվի ազգային ինքնագիտակցության գաղափարը : Թուրք բարբարոսները ավերեցին 20-րդ դարի մեր մշակությաին ժառանգությունը: Նույն քաղաքականությունն են որդեգրել նաև այսօր `21-րդ դարում: Եկեք չնպաստենք նրանց գործունեությանը ,ինքներս ավելի լուրջ վերաբերվենք մեր պատմամշակութային արժեքներին , քանի որ դրանք այսօր գնահատման և պահպանման կարիք ունեն, -ասաց Ի.Դանիելյանը:
Ի վերջո, ճանաչումն ու հիշողությունը մեզ պետք է ոչ միայն հիշելու համար այն , ինչ տեղի է ունեցել , այլև այդ ծանրագույն չարիքից ապագայում խուսափելու համար:
Եվ եթե հայ ժողովուրդը այդ արհավիրքն ապրելուց հետո ուժ գտավ հառնելու , իր պատմական հայրենիքի մի հատվածում պատմություն կերտելու , իսկ այսօր` արդեն անկախ` պետականություն ապրապնդելու , զորացնելու և շարունակելու իր մասնակցությունը բերել համամարդկային մշակութային արժեքների ստեղծման գործում, ապա դա , ըստ էության, վերապրածների պատասխանն է ցեղասպանությունն իրա գործողներին:

2010-04-20

"Արամ" Ֆիլմի դիտում–քննարկում

Քանի որ կամավորները նախորդ անգամ ցանկացել էին  տեսնել  հայ մարդուն` որպես  պայքարող և հաղթող, 14.04.2010թ Արմավիրի ԵՄԿԿ–ում տեղի ունեցավ հերթական  ֆիլմի դիտում –քննարկում,որը կազմակերպել էր Արմավիրի ԵՄԿԿ-ում գործող կինոակումբը: Դիտման էին եկել 35 հոգի` ուսխորհուրդների անդամներ, ԵՄԿԿ կամավորներ: Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում,որը վարեց Արմավիրի ԵՄԿԿ-ի գլխավոր մասնագետ Արգամ Արշակյանը` ներկայացնելով հայ մարդու վրեժով լեցուն և հաղթական կերպարը, "Գորշ գայլերի" իրականացրած և իրականացվող  հակահայ գործունեությունը:
 Քննարկումը տևեց նախատեսվածից երկար` մոտ 2 ժամ, որի ընթացքում հնչեցին տարաբնույթ կարծիքներ: "Վերջապես  երևաց հայ մարդու ուժեղ և պայքարող ոգին",- նշեց Ռազմիկ Դավթյանը: "Ժամանակի հոլովույթում հայ մարդը  եղել և մնում է  իր ազգային արժեքներին  հավատարիմ`անկախ գտնվելու վայրից",-ասաց Ռաֆիկ Գասպարյանը: 

  Այսուհետև ամիսը երկու անգամ Արմավիրի ԵՄԿԿ-ում տեղի կունենա նմանատիպ ֆիլմի դիտում-քննարկումներ, քանի որ միջոցառման այս ձևաչափը արդեն ապացուցել է իր արդյունավետությունը կենտրոնի ակտիվացման գործում:

Արտույտների ագարակը (Ֆիլմի դիտում-քննարկում)




Արմավիրի ԵՄԿԿ ում գործող կինոակումբը կազմակերպել էր հերթական ֆիլմի դիտում – քննարկումը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության 95 ամյակին: Միջոցառման նպատակն էր երիտասարդությանը իրազեկել ցեղասպանության մանրամասնություններին ֆիլմի միջոցով: "Արտույտների ագարակ" ֆիլմը ընտրվել էր Արմավիրի ԵՄԿԿ ակտիվ կամավորների կողմից: ՖԻլմի ավարտից հետո սկսվեց բուռն քննարկում,որը վարեց Արմավիրի ԵՄԿԿ առաջատար մասնագետ Արգամ Արշակյանը: Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ: Ինչպես "Արարատ"  համալսարանի ուս. խորհրդի նախագահ Անի Վարդանյանը նշեց. "Ինչքան էլ ցավալի է, բայց դա է մեր պատմությունը, և մենք պետք է կարողանաք լսելի դարձնել ողջ մարդկությանը  հայ մարդու ձայնը": Նույն համալսարանի ուսանող Ռազմիկ Դավթյանը ասաց. " Ես չէի ուզենա այս ֆիլմում  ընդգծվեր հայ մարդու խեղճ լինելը,որովհետև հայ մարդու տեսակը շատ ուժեղ է և դիմացկուն":

 Քննարկման  ընթացքում հիշվեցին նաև մեր անցյալի հերոսական էջերը: Վերջում քննարկումը եզրափակվեց Արգամ Արշակյանի երիտասարդներին ուղղված  կոչով. "Մենք պարտավոր ենք լինել ուժեղ և միասնական, հակառակ դեպքում դատապարտված կլինենք նույնը վերապրելու":