2010-04-29

Նկարիչ, որի համար արվեստը դարձել էր հայրենիք

(Արմավիր, ցուցահանդես-քննարկում, 29.04.2010թ)

"Հայկական ոգին խոսում է իմ նկարներում: Ամբողջ աշխարհի համար ես իմ վրձնով կվերածնեմ Հայաստանը"
                                                                                                                           Ա. Գորկի

-Թախիծ, որ կար նրա հոգում, նրա արվեստում, անմիջապես վարակեց ինձ:Ինքս Գորկու մասին լսել եմ շատ քիչ, գիտեի որ նկարիչ է,բայց թե ինչ ժառանգություն է նա թողել տեղյակ չէի…
-Նրա անունը լսել էի, որոշ բաներ էլ տպավորվել էին "Արարատ" ֆիլմից: Բայց նրա նկարներին միտքս հասու չէր: Ինձ վրա մեծ տպավորություն գործեց, ավելին`հուզեց "Նկարիչն ու իր մայրը" գործը: Նրա մոր աչքերը ամփոփում էին իրենց մեջ հայի ապրած ողբերգությունը, վիշտը:
-Գիտեք վերացական նկարները, իրոք, հասու չեն յուրաքանչյուրին: Շատ կարևոր է դրանց բացատրությունը, մանավանդ երբ ինքդ արվեստի մարդ չես, ու դրանք դիտում ես "սովորական" աչքով: Ցուցահանդես քննարկումը ինձ ստիպեց ուղղակիորեն շարժել երևակայությունս ու հիմա ես դրանց կարող եմ տալ սուբյեկտիվ մեկնաբանություն:
  Այսպիսի տարաբնույթ կարծրքներ հայտնեցին Արմավիրի ԵՄԿԿ կամավորները Ա. Գորկուն նվիրված ցուցահանդես-քննարկման ընթացքում, որը կազմակերպվել էր Արմավիրի ԵՄԿԿ կողմից: Ցուցահանդես-քննարկման ընթացքում առաջատար մասնագետ, արվեստաբան Իրինա Ամիրխանյանի կողմից ներկայացվեց Ա. Գորկու կենսագրությունը, ստեղծագործական ուղին` անդրադառնալով նրա աշխարհահռչակ կտավներին և նրանց հիմքում ընկած գաղափարներին:
- Այդ գաղափարները վեր են մարդկային մտացածին սահմանափակումներից և դրանով իսկ համամարդկային արժեհամակարգում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում,-իր խոսքում նշեց Ի. Ամիրխանյանը:
 - Հրեշավոր այն նպատակը, որ ուներ Օս. Թուրքիան` վերացնել հայի տեսակը աշխարհի երեսից,ի չիք դարձավ: Հայը թեկուզ և ցրված ամբողջ աշխարհով, պահպանեց իր ազգային արժանիքները, իր հավատը: Դրա փայլուն օրինակներից է Արշիլ Գորկին, որը լինելով անհատ, իր վրա կրելով ցեղասպանության արյունոտ դրոշմը, նույնիսկ օտար հողում դարձավ մեծություն, գիգանտ ոչ միայն հայերիս, այլև համաշխարհային արվեստի և ողջ մարդկության համար: Նրան ստեղծագործելու ուժ էր տալիս արդարության հասնելու ձգտումը: Նրա յուրաքանչյուր կտավի մեջ կորսված հայրենիքի մի մասնիկը կա: Գորկին ապացուցեց, որ հայի տեսակը մեծ է, ուժեղ, անկոտրուն և անմահ: Մեծ ենք ոչ միայն քանակով, այլ մեր բազմադարյան և հապարտություն ներշնչող մշակութային ժառանգությամբ,- ավելացրեց Արմավիրի ԵՄԿԿ գլխավոր մասնագետ Ա. Արշակայնը:
  Միջոցառմանը մասնակցում էին ՏԻՄ- երի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և արվեստասեր անհատներ:
  Ըստ նկարիչ Մ. Սարգսյանի միջոցառումը բացառիկ էր և ռիսկային,- Մեծ համարձակություն է պետք ներկայացնել Արշիլ Գորկի անհատին և արվեստագետին: Տպավորված եմ , միջոցառումը հիանալի էր:
   Գորկու թողածը հոգևոր մեծ սխրանք էր և միայն մեծություններին վերապահված առաքելություն: Գորկին կարողացավ իր արվեստով տալ այդ արհավիրքի ոչ միայն հոգևոր պատասխանը, այլև ազգային ողբերգությունը վերածել համամարդկային ողբերգության:

Комментариев нет:

Отправить комментарий