2010-09-25

ՆՈՐ ՀԱՍՑԵ

ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՄԵՐ ՆՈՐ ԲԼՈԳՈՒՄ



Հայցում ենք Ձեր ներողամտությունը, հնարավոր անհարմարությունների համար:

2010-09-19

Փայփայենք անկախության դափնիները


Սեպտեմբերի 21-ը պատմական մեծագույն իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում: Այդ բախտորոշ իրադարձությունը հնարավորություն տվեց հայերիս վերջապես ունենալ հայոց անկախ պետականություն` ամրապնդելու հայոց ոգին, հայոց հավատը սեփական ուժերի նկատմամբ:
  Նորաթուխ պետականության 19-րդ տարելիցն  արմավիրցիները տոնեցին բարձր տրամադրությամբ:  Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ :
-Արյունով և ավյունով ձեռք բերված անկախությունը  19 տարեկան է :
 Անկախ պետականության  մեր փառահեղ վկայականը ազգային բանակի ծնունդն է : Բոլորիս պարտքն է փայփայել անկախության դափնիները,- իր ելույթում նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Անկախությունը , որը մեր ժողովրդի արժանապատվության և ազատության ձգտման ամենավառ դրսևորումն է , չնայած բոլոր փորձություններին ու մարտահրավերներին, չարժեզրկվեց : Բավարարվեց հայ ժողովրդի  դարերով փայփայած ոգու պահանջը` ապրել ու արարել ազատ ու անկախ հայրենիքում , ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը:
Նիստին շնորհավորական ուղերձներով հանդես եկան մի շարք կառույցների աշխատակիցներ:
Արմավիրի Բժշկական կենտրոնի աշխատակից Արթուր Դավթյանը արժևորեց հայի տեսակը: Նրա խոսքերով` հայ մարդու մաքառման , նկրտումների շնորհիվ այսօր հնարավորություն ունենք մատաղ սերնդին կրթել հաղթողի արժանապատիվ գիտակցությամբ:
Ըստ մարզպետի`երիտասարդության հավաքական ուժը անհրաժեշտ է լիովին օգտագործել կայուն և զարգացած պետականություն ունենալու համար:
Արմավիրի ԵՄԿԿ-ի առաջատար մասնագետ Իրինա Ամիրխանյանը  մարզի երիտասարդության  անունից  ողջունեց և շնորհավորեց բոլորին.
-Անկախության սերունդներս ուզում և ջանում ենք անել ամեն ինչ հզոր , անկախ պետականություն կերտելու համար:  Հավատարիմ մնալով նախնյաց ավանդներին,  ուսանելի դասեր քաղելով պատմությունից անցյալի սխալները չկրկնելու իմաստով , շարունակելու ենք  անկախության ուղին :
Անկախության ձեռք բերման գործում իրենց ավանդն ունեցած մարզի բնակիչները պարգևատրվեցին պատվոգրերով և  ստացան դրամական նվերներ:
  Հանդիպումն ամփոփեց համերգային ծրագիրը: Կատարումներով հանդես եկան  Արմավիրի արվեստի քոլեջի սաները, Մշակույթի տան  պարային խմբակը և տաղանդավոր այլ երիտասարդներ :

(Արմավիրի ԵՄԿԿ, սեպտեմբերի 18)

                                   Արմինե Երվանդյան 

2010-09-12

PR ակցիաների կազմակերպում, թե՞…

(Արմավիրի, սեպտեմբեր 9-10)


   <<Արմավիրի ԵՄԿԿ-ի  կամավորների ակտիվացման և ներուժի ավելացման ծրագրի>> շրջանակներում սեպտեմբերի 9-ին և 10-ին տեղի ունեցավ վերջին` 3-րդ դասընթացը: Ամփոփելով նախորդ երկու դասընթացների արդյունքները ` անրադարձան  ԵՄԿԿ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի:


              Կենտրոնի PR աշխատանքների կազմակերպման նախագծում .

-Կարծում եմ , որ կենտրոնը պետք է ունենա իր գործունեության , ձեռքբերումների, խնդիրների մասին պատմող տեսանյութ, որով ներկայանա բուհեր, դպրոցներ, քոլեջներ, - ասում է Արմավիրի թեմին կից Երիտասարդաց միության անդամ Գևորգը:
-Ես մտածում եմ, որ  KBN  ասոցացիա ունենալը ևս հիանալի նախապայման է կենտրոնի PRի համար,- եզրակացրեց   Ռազմիկը:
-Կախված միջոցառման ձևից, չափից, վայրից , PR գործունեությանը կնպաստի նաև հովանավորը: Կարելի է  կոնկրետ բիզնեսի շուկայի ուսումնասիորություն անել` գործատուից ակնկալելով ֆինանսական աջակցություն  ասպարեզն ընդլայնելու համար,-այս համոզմանն է Համլետը:
Իսկ Աննան  հատկապես կարևորեց տեղական ԶԼՄ-ի հետ ակտիվ համագործակցությունը:
<<Ուսանողական աշուն>> և  <<Ուսանողական երեկո>> միջոցառումների կազմակերպումը , ըստ ներկաների, երիտասարդների շրջանում կբարձրացնի ԵՄԿԿ-ի ռեյտինգը:
Զետեղված կարծիքները  <<մտքերի տոնավաճառ>> գործնական աշխատանքի չնչին մասն էին կազմում : Կենտրոնի  աշխատակիցները սիրով և ուշադրությամբ գրանցեցին հնչեցրած տեսակետները` առաջիկայում նկատի ունենալու պայմանով:
Նշենք նաև , որ Արմավիրի ԵՄԿԿ-ն սեպտեմբերի սկզբից PR գործունեության համար  որդեգրել է <<Թաքնված գովազդ>> տարբերակը: Այսուհետ յուրաքանչյուր ամսվա սկզբում  կպատրաստվի ինֆորմացիոն թերթիկ-հրավիրատոմս, որտեղ զետեղված կլինեն այդ ամսվա բոլոր միջոցառումները,իսկ  PR խմբի կամավորները կտարածեն այդ թերթիկները:
Ի մի բերելով բոլոր առաջարկություններն և նախագծելով  ԵՄԿԿ-ի PR աշխատանքները`սիմոլացիոն տարբերակով կազմվեց կամավորական խորհուրդ, որն էլ     մշակեց ԵՄԿԿ-ի առաքելությունը և եռամսյակային պլանը :
ԵՄԿԿ-ի առաքելությունն է. հրապուրիչ առաջարկներով փոխհամագործակցություն տարբեր ՀԿ-ների և միջազգային կառույցների հետ , երիտասարդների ինտեգրում քաղաքական, մշակութային , հոգևոր կյանք:
Եռամսյակային պլանում ընդգրված միջոցառումները բազմաբովանդակ էին:  Սպորտային խաղերի անցկացում, հանդիպում-քննարկումներ տարբեր թեմաներով, այցելություն մանկատներ և ծերանոցներ, բնապահպանական միջոցառումների կազմակերպում, և ,որն ամենակարևորն է, <<տարեդարձ>>երեկույթի անցկացում, որի շրջանակներում կնշվեն ԵՄԿԿ բոլոր կամավորների ծննդյան օրերը:
Դասընթացի ավարտին երիտասարդները ծանոթացան ռազմավարական պլանի մշակման  ձևաչափին և առանձնահատկություններին:



                                                          Արմինե Երվանդյան

2010-09-04

Արմավիրցիների բազեական թռիչքը

                                    9 պատվոգիր, 6 մեդալ , 3 արձանիկ
                                    (Արմավիրի ԵՄԿԿ, սեպտեմբերի 2)                         


<< Բազե 2010>> երիտասարդական հավաքին արմավիրցիները մարտական էին տրամադրված , ինչը տվեց սպասելի արդյունքը : Արմավիրի մարզպետարանի և ԵՄԿԿ-ի ջանքերով  ընտրվեց 7 հոգուց բաղկացած թիմ , որը պատվով ներկայացրեց մեր մարզը Ծաղկաձորում :Թեպետ  Կարմիր ճակատը(որում ընդգրկված  էին արմավիրցիները) հաղթող չճանաչվեց , սակայն համահայկական երիտասարդական հավաքում դրսևորելով  կազմակերպվածություն  և  մշակութային, մարզական  ու ինտելեկտուալ ոլորտներում ցուցաբերելով իրենց մեծ ներուժն ու ակտիվությունը, արմավիրցիներն  արժանացան <<Լավագույն ջոկատ >> անվանակարգին:
 Ներճակատային պայքարում Տիգրան Մարգարյանը (թենիս) և Նարե Գևորգյանը գրավեցին առաջին տեղը, Գալոյան Արմենը(շախմատ) և Հասմիկ Մարտիրոսյանը (նկարչություն)` երկրորդ տեղ, իսկ Ռաֆիկ Գևորգյանը բազկամարտում արժանացավ երրորդ տեղին : Միջճակատային երգի մրցույթում  Նարե Գևորգյանը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: Իսկ Արգամ Արշակյանն արժանացավ <<Լավագույն ջոկատի ղեկավար >> անվանակարգին :
Հաղթողներին  ոգևորությամբ էին սպասում  մարզում, նրանց սպասվում էր հանդիսավոր ընդունելություն : Սեպտեմբերի 2-ին  Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անձամբ ընդունեց և շնորհավորեց  մասնակիցներին :  Ըստ մարզպետի`երիտասարդների միասնականության , համախմբվածության  և մեծ ներուժի  միջոցով է ստեղծվում ամուր ընտանիք, զարգացած և կայացած պետություն.սա հիանալի օրինակ էր ապագայի համար: Մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը և Արայիկ Աղաբաբյանը, օգնական Նվեր Պետրոսյանը, և գիտության , կրթության , մշակույթի վարչության պետ Գայանե Սայադյանը ևս հանդես եկան ողջույնի և շնորհավորանքի խոսքերով : Մարզպետի առաջարկով` բազեի հիմնադրման օրվանից (2002թ-ից ) առ այսօր մարզը ներկայացնող մասնակիցներն առաջիկայում նրա  հետ միասին կմասնակցեն Երվանդաշատում տեղադրվող հուշակոթողի կառուցման աշխատանքներին:
Հատկապես տպավորված էին մասնակիցները:
-         Ինքս բախտ եմ ունեցել մասնակցել մի շարք մրցույթների , բայց սա իր ձևի մեջ ինքնատիպ էր : Ամեն ինչ շատ լավ էր: Ճիշտն ասած` սկզբում մի փոքր կասկածում էի հաղթանակի հարցում, որովհետև մրցակիցներն, իրոք , ուժեղ էին , բայց երբ հաղթեցի ներճակատայինում , ինքնավստահություն ձեռք բերեցի , - պատմում է երգչուհի Նարեն :
Թենիսիստ Տիգրանը մասնակցում էր միմիայն հաղթանակի ակնկալիքով .
-Շատ ուրախ եմ , որ մեր մարզը կարողացավ արժանապատվորեն ներկայանալ:Ինքս այս հավաքից գերագույն բավականություն եմ ստացել, ինձ այն տվեց ինքնադրսևորման, ինքնահաստատման հնարավորություն և , իհարկե, ճանաչողություն:
Ջոկատի ղեկավար Արգամ Արշակյանը գտնում է , որ իրականում հաղթեց <<երիտասարդական եռագույնը >>, որը մեր պետության հենասյունն է:
                                            Արմինե Երվանդյան

2010-08-19

Մշակույթը մարդուն Աստծուն մոտեցնելու ամենաընդունելի ճանապարհն է

                       Մշակույթը  մարդուն Աստծուն մոտեցնելու                                
                                 ամենաընդունելի ճանապարհն է

                                                                                              Վ.Պետրոսյան


                                                     

2009թ-ից Արմավիրում  սկսել է շահագործվել  <<Գրադարանը քաղաքական- հասարակական կենտրոն>> ծրագիրը : Հունվարից իրականցվել է վերազինման և վերանորոգման փուլերը : Այժմ  ընթանում է գաղափարախոսության տարածման և կադրային վերապատրաստման փուլը:Այս փուլում իր ակտիվ մասնակցությունն ունի Արմավիրի ԵՄԿԿ-ն : Փոխհամագործակցության շրջանակներում  օգոստոսի 18-ին մարզային գրադարանում ԵՄԿԿ –ն ներկայացրեց մշակութային քաղաքականության ձևավորումը Արմավիրում և նրա ազդեցությունը տարածաշրջանում :

2010-08-04

Հասարակական համերաշխության երաշխիքը

                               (Հուլիսի 6, Արմավիրի ԵՄԿԿ)       

                              
 Սահմանադրությունը ոչ միայն     

                պետք է Սուրբ Գիրք, Արդարադատություն լինի,
                այլլև բարոյական, արժեքային կողմոնորոշիչ

Հուլիսի 5-ը Հայաստանի համար տոնական օր է , քանի որ 1995 թ. հենց այս օրն է հանրաքվեով ընդունվել ՀՀ Սահմանադրությունը: Այն փոփոխվել է ընդամենը մեկ անգամ , 2005թ-ի նոյեմբերի 27-ին , դարձյալ հանրաքվեի միջոցով:
Փոփոխված Սահմանադրությունը, որը ՀՀ ողջ օրենսդրության հիմնասյունն է, բաղկացած է 9 գլուխներից  և 117 հոդվածներից: Արդեն 15-ամյա Սահմանադրությամբ ամրագրված է.<< Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները >>, ինչպես նաև պետական մարմինների `ՀՀ իշխանության , Ազգային Ժողովի, Կառավարության, Դատական իշխանության և Տեղական ինքնակառավարման մարմինների պարտականություններն ու իրավունքները:
Ցանկացած պետության կայացման և զարգացման ճանապարհին չափազանց կարևոր է Սահմանադրության նշանակությունը :Հիմնական օրենքի բեռը շատ ավելի մեծ է այն երկրներում , որտեղ անկախությունը դեռ երիտասարդ տարիքում է  .Հայասատանի անկախությունն և Սահմանադրությունը իրարից տարիքային մեծ տարբերություն չունեն:
Վերջինս ավելի արագ է զգում ժամանակի հրամայականները և դրանք համապատասխան փոփոխությունների ձևով ամփոփելով իր մեջ ` ավելի ապահով է դարձնում անկախությունը , ուրեմն` երկրի ու ժողովրդի գոյությունը:
Արժևորելով Սահմանադրական երաշխիքների լիակատար կենսագործումը ` ի զորացում մեր երկրի և ի բարօրություն մեր ժողովրդի, հուլիսի 6-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման տասը մարզային կենտրոններում անցկացվեց
<< Սահմանադրության օր>> խորագրով Վիկտորինա : Արմավիրի ԵՄԿԿ-ում Վիկտորինայի մասնակիցները (ԱԶԿ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ,ուսխորհուրդներից ներկայացուցիչներ, ակտիվ կամավորներ, երիտասարդաց միության անդամներ)  բաժանվեցին չորս խմբի `կարմիր, դեղին, կանաչ և սպիտակ: Հարցաշարը բաղկացած էր 25 փակ հարցերից (ընտրության էր դրված երեք տարբերակ)  և  ընդգրկել էր Սահմանադրության բոլոր 9 գլուխները : Հարցերի 25/ 18 հարաբերությամբ հաղթող ճանաչվեց կարմիր խումբը և արժանացավ պատվոգրի: Ըստ հաղթող թիմի ավագ Ռաֆայելի` Սահմանադրությունը մեր երկրի բարձրագույն իրավաբանական  ուժն է և շատ կարևոր է , որ յուաքանչյուր ՀՀ քաղաքացի  յուրացնի Սահմանադրության դրույթները: Նրա համոզմամբ` հատկապես երիտասարդները պետք է շահագրգիռ լինեն ոչ միայն իրավունքների , այլ առավել` պարտավորությունների ստանձման գործում:
Յուրաքանչյուր հուլիսի 5-ին մեր Սահմանադրությունը մեծանում է ևս մեկ տարի , սակայն չի ծերանում , ավելի է թրծվում `երիտասարդ պետության դժվարությունների հաղթահարման ճանապարհին :
Արմավիրի ԵՄԿԿ-ն շնորհավորում  է Սահմանադրության օրվա կապակցությամբ բոլոր հայերին  և մաղթում, որ Հայաստանի հիմնական օրենքը անշեղորեն ծառայի մեր երկրի կայունացմանը և ժողովրդի բարեկեցությանը:



                                                     Արմինե Երվանդյան 

Հայի նկատմամբ ատելությունը կայենություն է …

( Արմավիր ԵՄԿԿ, հուլիսի 30)


Ես ճանաչում եմ քեզ երկաթե ժողովուրդ, քրտինքի հերոս ժողովուրդ, ստեղծագործ, անընկճելի…
Ճակատագրի եղբայր է ամեն  հայ  և հայի նկատմամբ ատելությունը կայենություն է…
                                                                                                                  Վարդան Պետրոսյան

Սեր,  համերաշխություն, փոխըմբռնում, սրանք կյանքի շարժիչ ուժերն են , իսկ ատելությունը, չարությունը, նախանձությունն ու խանդը ` կործանիչ: Սակայն երևակայական , անորոշ սերը միայն ժամանակի անտեղի կորուստ է, այնինչ ատելությունը տանում է դեպի կոնկրետ նպատակ, դեպի նշանակետ: Ուստի անհրաժեշտ  է ակտիվ , գործնական սեր, որպեսզի կանխի ատելության վայրիվերումները :
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժություն է , իսկ սերը կյանքի փորձ է ազատ ընտրության : Սեր-ատելություն. անաչառ մտքին ու դատողությանը խանգարող զգացումներ.  ո՞րն է գերակշռող, ո՞րն է գերակշռում: Սրանք այն թեմաներն էին , որոնք քննարկվեցին Արմավիրի ԵՄԿԿ-ում տեղի ունեցած համանուն ներկայացման դիտումից հետո:
Քննադատելով և մերժելով բացասական երևույթները , իշխանավորից մինչև ռամիկ, <<Սեր և ատելություն>> ներկայացման հերոսը կոչ է անում ազատվել քաղաքականացված կենցաղից, անկիրթ բարքերից, օտարամոլությունից :Առնետի և մոծակի օրինակով փաստում է , որ անգամ  մահը  գերադասելի է ընդունել սեփական տան մեջ ,քան օտար հողում , այն էլ `օտարի ձեռքով:  
-Սիրո , ազատության , ճշմարտության մերժողը հզոր մարդ կարող է դառնալ, սակայն մեծ մարդ երբեք չի կարող,- համոզված է կամավոր Արմենը:
-Ներկայացման մեջ  հերոսը փնովում է հայ իրականության մեջ արմատավորված  ճղճիմ տարրեը, ակնհայտ անարդար դրսևորումները , սակայն այնքան վարպետորեն է այդ անում , որ հավանական են դառնում փրկության ելքերը,- ասում  է Կարենը:
Իսկ Կարինեի կարծիքով` կյանքում  սիրուց ատելություն  անջրպետը աննշան է : Սրանք հզոր ուժեր են , որ ղեկավարում են մարդկային միտքը:                                                                                                                                                  

                                                     Արմինե Երվանդյան

<< Մարդը և բնությունը>>

(Արմավիր ԵՄԿԿ, հուլիսի 15)

  <<Մարդը բնություն է , բնությունը `մարդ >>. սարյանական այս խոսքերով պիտի առաջնորդվի յուրաքանչյուրը իր գոյության ընթացքում, քանի որ բնությանը հասցված ցանկացած վնաս  սասանում է մարդկության գոյության ապագան:
Դեռևս  մարդկության գոյության արշալույսին մարդը  միջամտել է բնությանը , հարմարեցրել է այն իր կարիքներին , բայց մարդ և բնություն փոխհարաբերությունը տարերային  բնույթ չի կրել :
 20-րդ դարում պատկերը այլ է : Գիտատեխնիկական նորամուծություններով պայմանավորված մարդու ներգործությունը բնության վրա աստիճանաբար անկառավարելի է դառնում` օզոնային շերտի նոսրացումը, ջերմային էֆեկտի ակտիվացումը , շրջակա միջավայրի թափոնապատումը …
Համաշխարհային  հետազոտությունները վկայում են , որ վերջին չորս տասնամյակների ընթացքում  մարդու բացասական  ներգործությունը բնության վրա ճգնաժամային սահմանագծին է հասել:
Հայաստանը նույնպես բնապահպանական տեսանկյունից ռիսկային գոտում է գտնվում : ԱԷկ-ի, հանքաքարային արդյունաբերության վնասակար ազդեցությանը գումարվում է նաև  թափոնապատումը , արհեստական աղտոտումը:
Արմավիրի ԵՄԿԿ-ն մեծապես կարևորելով բնապահպանական խնդիրները , այս անգամ  կազմակերպեց ցուցահանդես-քննարկում <<Մարդ և բնություն>> թեմայով: Քանի որ թեման  արդիական էր , կարծիքները շատ էին  և բազմաբնույթ:
-Արմավիրցիները պիտի հարստացնեն գիտելիքների պաշարը բնապահպանության վերաբերյալ , քանի որ յուրաքանչյուր րոպե վտանգի հավանականություն կա,- նշեց կամավոր Մարինան:
 Կամավորներից Մկրտիչը առաջարկեց էկո խումբ ստեղծել  :
Իսկ Կարենը  հիշեց անտիկ մտածող Հիպոկրատի ունիվերսալ դրույթը . <<Մի վնասիր >>  և  կոչ արեց առաջնորդվել  այդ սկզբունքով:
Բազմաբովանդակ էին նաև  կամավորների բնությանը նվիրված լուսանկարները. <<Մի սպանիր>>, << Մաքուր պահենք բնությունը>>, << Ապագայի չարիքը>>, <<Կործանիչ ուժը>> …



                                   Արմինե Երվանդյան

2010-06-25

Հայ ժողովրդի հավաքական ստեղծագործության արդյունքը

(Արմավիրի ԵՄԿԿ, հունիս 25)




  Քրիստոնեության ընդունումից հետո , ինչպես աշխարհի շատ ժողովուրդների մոտ, հայ ժողովրդի ավանդական տոնացույցը  ևս վերաձևեց քրիստոնեական աշխարհայացքի և այդ կերպ գոյատևեց ավելի քան մեկուկես հազարամյակ:Իրականում մեր ժողովուրդը իր հարուստ մշակութային անցյալում նաև հարուստ տոնացույց է ունեցել `հայ ժողովրդի և Հայաստանի պատմամշակութային  , հասարակական , հուզական , ընտանեկան , ստեղծագործական մեծ լիցք ունեցող բոլոր նորմերով:
Նավասարդ,  Սուրբ Ծնունդ, Տյառնընդառաջ, Սուրբ Սարգիս,  Բարեկենդան, Ծաղկազարդ, Վարդավառ, Սուրբ Խաչ…  
Սրանք մի փոքրիկ մասն են  մեր ազգային տոների սանդղակներում, որոնց անրադարձել էր հունիսի 25-ին Արմավիրի ԵՄԿԿ-ն: Գաղափարը`  կամավորներինն էր:
<< Տոնը մշակույթի այն տարրն է, որն առավել պահպանողական է ազգային արժեքների գնահատման, պահպանման և ժառանգորդման գործում: Այն , ինքնին ծրագրված երևույթ չէ, այլ պարզապես ժողովրդի երկարատև և հավաքական ստեղծագործության արդյուքն է…>>
Նշանակալիության և արժեվորման այս ենթատեքստով սկսվեց դասընթացը:
ԵՄԿԿ աշխատակիցները վստահեցնում էին , որ վաղվա հայ մարդուն համակողմանի դաստիարակելու և նրա կրոնաբարոյական և հոգևոր գիտակցությունը բարձր պահելու նկատառումով էր կազմակերպված միջոցառումը:
<<Տոները սերունդներին գաղափարախոսության վերլուծություններով ու հիմնավորումներով ճիշտ մատուցել , նշանակում է, իբրև երաշխիք վաղվա օրվա,ունենալ իմաստուն , ազգասեր, բարեպաշտ և հուսալի սերունդ, որոնք կդիմակայեն ու կարգելեն հոգեկործան  աղանդավորական և արևմտյան օտար նորամուծություների մուտքը  Հայաստան>>, -նշեց Այգեշատի Երիտասարդաց միության ատենապետ Ռաֆիկը:
Ըստ Դավիթի. << Ծիսակարգերը կատարողական առումով ենթարկվում են փոփոխությունների , սակայն կան հիմնական բաղադրիչներ , որոնք անփոփոխ են: Եթե կարողանանք դրանց մի փոքր մասը յուրացնենք, ապա սա արդեն ձեռքբերում է>> :
Կամավորները ևս հանդես եկան նախաձեռնությամբ:Մի քանիսը անրադարձան Հայաստանի մի քանի մարզերում ձևավորված ծիսակարգերին `կապված Սուրբ Խաչի և Սուրբ Սարգսի տոների հետ:  
 Հանդիպումը ավարտվեց այն համոզմամբ. որ իրականում յուրաքանչյուր օր պետք է տոն դարձնել `կյանքի ամեն մի վայրկյանը գնահատելով և կարևորելով:




                                                       Արմինե Երվանդյան 

2010-06-24

Կարողությունների գնահատում….

(Հունիսի 23-24, Արմավիր)

Ի՞նչ է իրենից ներկայացնում  <> վերլուծությունը, մտքերի գրոհ, հնչեցրած մտքերի համակարգում, բլոկների կազմում, առաջնությունների որոշում. սա <<Համայնքի քարտեզագրում և swot վերլուծություն>>  թեմայով դասընթացի օրակարգի բովանդակությունն էր: Դասընթացը տեղի ունեցավ հունիսի 23-24-ին  <<Արմավիրի ԵՄԿԿ -ի կամավորների ակտիվացման և  ներուժի ավելացման>>  ծրագրի շրջանակներում: Ինչպես նախորդի դեպքում , այս անգամ ևս հանդիպումը սկսվեց ծանոթացում վարժությամբ, սակայն բնութագրումը ընթացավ ժեստերի, սմայլիկների օգնությամբ: <<Համայնքը`  երիտասարդության աչքերով>> բեմական ներկայացման և <<Համայնք` երազանքների քաղաք>> գծապատկերների միջոցով կազմվեց համայնքի քարտեզագրումը:  
  Հանդիպմանը մեխը  <> վերլուծությունն էր( swot-ուժեղ կողմեր, weekness- թույլ կողմեր, opportunities-հնարավորություններ, threats-ռիսկեր) : Ներկաները նախընտրել էին իրականացնել  Արմավիրի ԵՄԿԿ-ի <> վերլուծություն: Հանդիպմանը , բացի կամավորներից, ներկա էին ԵՄԿԿ-ի համագործակից բոլոր կառույցներից ներկայացուցիչներ :
 Կենտրոնի գլխավոր մասնագետ Արգամ Արշակյանը նշեց.
  -Քանի որ Արմավիրի ԵՄԿԿ-ն մտադիր չէ մարզում հանդես գալ որպես կղզյակ, մենք   համագործակցյան դաշտն անընդհատ ընդլայնում ենք: Այս առումով <> անալիզը հիանալի միջոց է կոնկրետ Արմավիրի ԵՄԿԿ-ի դերն ու աշխատանքը համակարգելու առումով:
Ա.Արշակյանը   հավաստիացրեց , որ հաշվի են առնվելու բոլոր տեսանկյունները,  քանի  որ միմիայն ուժեղ և թույլ կողմերի ակնհայտ վերլուծությամբ, և ռիսկային գոտիների և հնարավորությունների հաշվի առնման շնորհիվ կարելի է հստակ ռազմավարություն մշակել:
  Ըստ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Առաքելյանի` հանդիպումը , իրոք, նյութական էր և անհրաժեշտ.
  -Այս մեթոդի կիրառումը օգտակար գործոն է յուրաքանչյուր ոլորտի համար: Եվ ուրախալի է , որ կամավորներն իրենք ևս հաղորդ են դառնում նման վերլուծության :  Ակտիվ և  հարուստ ներուժով կենտրոն ունենալու ամենակարևոր գրավականը <> վերլուծության մեխանիզմի իրագործումն է :
Կամավորները ևս ոգևորված էին հանձնարարությամբ: Օրինակ` Ռաֆիկի կարծիքով, այս մեթոդը օգնում է փոփոխել գործունեության  հնարավոր ուղիները և առանձնացնել այն հիմնական ուղղությունը, որը հիմք կհանդիսանա ցանկացած հաստատության համար հստակ ռազմավարություն մշակելու: Իսկ Սյուզիի գլխում անգամ միտք ծագեց անել իր` որպես անհատի, <>  վերլուծություն:
  


       Արմինե Երվանդյան

2010-06-21

"Պահանջվում է ստախոս"

(Արմավիր, հունիսի 11)

-        Ինձ անհրաժեշտ է ստախոս օգնական, որպեսզի ոչ թե կատարի նրանց խնդրանքները, այլ այնպես անի, որ նրանք մեզնից գոհ գնան:
-        Բայց արդյոք սուտը այդքան կարևոր է քաղաքականության մեջ:
-        Օհ, այդ ինչ ես ասում…
Պիեսից վերցրած այս հատվածում քաղաքական գործիչ` դեպուտատ Բենեկիսը, ինքն էլ չիմանալով  ստախոսության օրենքները, սակայն  դրա բարդության կարևորությունը գիտակցելով , փորձում էր  քարտուղարուհուն բացատրել ստախոս օգնականի կարևորությունը:
Շուտով  հայտնվում է <<այդ տիպը>>, այն ճարպիկը, ով նպաստելու էր դեպուտատի հաջող գործունեությանը և նրա համբավի տարածմանը….
Սրանք , իհարկե, ժամանակավոր հաջողություններ էին , քանի որ շուտով դեպուտատի  ամբողջ մթնոլորտը վարակվելու էր  փչան Թոդորոսի արվեստով…

Արմավիրի ԵՄԿԿ-ի կամավորներն  այսօր տեղափոխվել էին քաղաքականության ոլորտ: Նրանց ցանկությամբ կենտրոնում տեղի ունեցավ  <<Պահանջվում է ստախոս>>  տրագիկ- կոմեդիայի դիտում-քննարկումը:
Շուրջ երկու ժամ պիեսը դիտելուց հետո սկսվեց ակտիվ քննարկում:
Կամավորները երկու մասի էին բաժանվել .ոմանք պնդում էին , որ սուտը իրականում անհրաժեշտ է, բայց սահմաններում, իսկ ոմանք էլ ժխտում էին ստի դերակատարությունը`պատճառաբանելով դրա կործանման արհավիրքները:
       -Ըստ ինձ` մարդկային հարաբերություններում  սուտը ամենավատ ,     ամենաաններելի վարքագիծն է : Դա մարդուն ծաղրելու, մարդկային արժանիքները զրոյացնելու հիանալի միջոց է, ինչն շատ լավ անում էր Փչան Թոդորոսը,- ասաց Մկրտիչը:
Իսկ Արմանը պնդում էր, որ պիեսը արդիական է բոլոր ժամանակներում, այն համահունչ է քաղաքական մթնոլորտին. մշտապես խոստումներ  տալ, երևի հույսը չմեռցնելու համար, սակայն թողնել թղթի վրա:
Նրա կարծիքով` այս պիեսում ներկայացված էր երկու ծայրահեղություններ` ստի վարպետն ու ստել չիմացողը: Ստից միանգամայն ձերբազատվել, իհարկե , անհնար է,  սակայն ամեն ինչ պետք է անել այդ ուղղությամբ:
Ըստ երիտասարդների` պիեսը կրում էր դաստիարակչական և ժամանցային բնույթ և շատ կարևոր էր , որպեսզի յուրաքանչյուր գործողության մեջ փորձեիր գտնել ճշմարտության հատիկը և ուղեցույց դարձնեիր քո ամբողջ կյանքի համար:

2010-06-17

Քաղաքացիական պատասխանատվությու՞ն….

Քաղաքացիական պատասխանատվությու՞ն….

( Հունիսի 8-9, Արմավիր)

   Այս կյանքում յուրաքանչյուր անհատ արժեքավոր է , յուրաքանչյուր անհատ ունի իր դերը, և յուրաքանչյուր անհատ կարող է փոխել աշխարհը: Մոլորակի ապագան էներգիայի, եռանդի և աշխարհի երիտասարդների նվիրվածության և կամավորության մեջ է : Կամավորության միջոցով մարդիկ մասնակցում են հասարակության տարբեր ոլորտների զարգացմանը: Մի հանգամանք, որը ոգեշնչում է նրանց ու դարձնում իրենց պետության ապագայի համար առավել պատասխանատու: Իսկ վերջինս ժողովրդավար հասարակության առողջ գործելու կենսական տարր է :
Կամավորություն հասկացության մասին մեզանում պատկերացումները դեռևս անորոշ են: ՀՀ սահմանադրության մեջ չկա կամավորության մասին առանձին դրույթ: 2005թ-ին շրջանառության մեջ է դրվել <<Կամավոր աշխատանքի մասին >> օրենքի նախագիծ, որը դեռևս Ազգային ժողովի օրակարգում է :
 ԵԱՀԿ-ի և ԵՄԿԿ-ի փոխհամագործակցության շրջանակներում իրականացվում է <<Մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների աշխատակազմի և կամավորների կարողությունների զարգացման>> ծրագիր:    Առաջին բլոկը<<Կամավորություն.տեսություն և պրակտիկա>> թեմայով ԵՄԿԿ-ի ողջ աշխատակազմին միավորել էր Գյումրիում: Եռօրյա դասընթացից հետո ԵՄԿԿ աշխատակիցներն իրենց ստացածն ու կուտակածը պիտի փոխանցեին կամավորներին:
 Այս տրամադրվածությամբ հունիսի 8-9-ին Արմավիրի ԵՄԿԿ-ն իրագործեց <<Կամավորների ակտիվացման և ներուժի ավելացման >> ծրագիր:
Հունիսի 8-ի օրակարգում ներկայացվեցին  միմյանց հետ ծանոթացում –վարժություն, կամավորական գաղափարի բացահայտում, կամավորների հավաքագրում և խրախուսում, ինչպես նաև   անդրադարձ կատարվեց կամավորների գիտելիքների զինանոցին:  Ընտրվել  էին ամենաակտիվ կամավորները:
Ծանոթացում –վարժությունը ընթացավ զույգերի միջև , բաղկացած էր երկու մասից.սկզբում պատկերների միջոցով բնութագրեցին միմյանց, երկրորդ մասում` զուգընկերոջ պատկերացումները և ծրագրից ակնկալվող սպասումները ներկայացվեցին խոսքի միջոցով:
 Պատկերման թեման շատ բազմազան էր. գիշերային ծովը սպասելի և անսպասելի, այսինքն` անակնկալներով լեցուն անձնավորություն  էր բնութագորւմ, ձայնային միատոնությունը` հավասարակշռված, հաստատակամ մարդուն,ոմանք էլ անունների հետ կապված ընտրել էին ստեղծագործություններից դիպուկ օրինականեր, մեկ ուրիշի մոտ` ծառն էր ասոցացվել տվյալ մարդու ձգտումների և նկրտումների հետ…
Վարժությունից հետո կամավորները պատմեցին իերնց տպավորությունների մասին:
-         Իմ կարծիքով այս մեթոդը հնարավորություն տվեց միմյանց ավելի լավ ճանաչել , բացահայտել դիմացինի մեջ հետաքրքիր և անսպասելի բնավորության գծեր, գտնել նմանություններ, ընդօրինակել դրական հատկանիշներ,-ասաց Մարինեն:
Ըստ Արմենի`
-         Թվում է . թե կամավորներով միմյանց ծանոթ ենք, բայց իրականում յուրաքանչյուր նոր մտքի, բառի մեջ ինքը քեզ համար կարող  է բացահայտում լինել:Ամենահետաքրքիրն այն էր, որ նկարների միջոցով պիտի բնութագրեինք…
Հանձնարարության ընթացքում կամավորներից մեկի կոշիկը պոկվեց,զուգընկերն էլ չկորցրեց պահը.
-         Ես Արմանին բնութագրելիս պոկված կոշիկ եմ պատկերել, և սրանից հետո յուրաքանչյուր անգամ նրա անունը արտաբերելիս հիշելու եմ այս դեպքը,- կատակեց Անուշիկը:
Կամավորություն հասկացության վերաբերյալ մոտեցումները, համենայնդեպս, միօրինակ չէին:
Ըստ Ծովինարի` կամավորությունը սեփական կամքով հանրօգուտ աշխատանքի կատարումն է , ինչպես նաև ինքնադրսևորվելու, ընկերներ ձեռք բերելու յուրօրինակ մոդել:
Իսկ Կարենը պնդում էր , որ ինչպես նավն առանց առագաստի չի կարող շարժվել , այնպես էլ մարդը չի կարող ապրել առանց ազատ կամքի դրսևորման:
Սպասելիքները հիմնականում նույնն էին. առավել ինֆորմացիա ունենալ կամավորության մասին և ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություն:
Հանձնարարությունից հետո ԵՄԿԿ աշխատակիցներն անրադարձան կամավորության գաղափարի բացահայտմանը` քննարկելով հնչեցրած տեսակետները:
Խոսվեց նաև կամավորների հավաքագրման և կամավորների խրախուսման մեխանիզմների մասին:’ Կամավորներն առաջարկեցին իրենց տարբերակները:
   -Ճիշտ է, կամավոր գործունեությունն ենթադրում է անվարձահատույց աշխատանք , բայց շատ կարևոր է , երբ աշխատանքդ գնահատվում է զուտ շնորհակալական ժեստով , -ասաց Մկրտիչը:
Յուրօրինակ խրախուսման ձև էլ առաջարկեցին կամավորները. կազմակերպել անգլերենի ուսուցման դասընթացներ, ինչը կենտրոնի պատասխանատու Արգամ Արշակյանը խոստացավ ի նկատի ունենալ:
 Հունիսի 9-ի օրակարգի առանցքը կազմում էին թիմային աշխատանքները:
<<Ու՞մ համար է կամավորությունը և ինչ է տալիս այն թիրախային խմբերին>> առաջին թիմային աշխատանքը`4-5 հոգուց բաղկացած , կատարվեց 40ր-ի ընթացքում:Սկզբում փոքրիկ թյուրիմացություն եղավ. խմբերը կամ շատ ընդհանուր էին վերցրել թիրախային օղակները, կամ էլ` շատ մասնակի: Բայց աշխատակիցների օգնությմաբ ամեն ինչ բացատրվեց և հստակեցվեց:
Ինչպե՞ս ներգրավել կամավորներին կենտրոնի որոշումների ընդունմանը, ինչպե՞ս ապահովել կենտրոնի գործունեության թափանցիկությունը և ինչպե՞ս է հնարավոր կենտրոնի կառավարումը դաձնել ժողովրդավար հարցերը, որոնք երկրորդ թիմային աշխատանքի բովանդակությունն էին, աշխուժություն մտցրեցին երիտասարդների շրջանում: Հասունացել էր պահը, որ յուրաքանչյուրն <<ԵՄԿԿ կամավոր>> պատասխանատվությամբ նպաստեր կենտրոնի ակտիվացմանը և ժողովրդավար գործունեոքւթյանը: Կարծիքներն , իհարկե, բազմաբովանդակ էին, սակայն մեխը միակն էր` թափանցիկության կարելի է հասնել միայն ԶԼՄ-ի հետ ակտիվ փոխհամագործակցությամբ , իսկ որոշումներին կարելի է ներգրավել պարբերաբար կամավորներին տեղեկացնելով և աշխատակզմի հետ միասին քննարկելով նախաձեռնությունները:
Հանդիպումն ավարտվեց նորից նույն ֆորմատի միջոցառում կազմակերպելու ակնկալիքով: Կենտրոնի աշխատակիցները վստահեցրեցին , որ դեռ երկու նմանատիպ հանդիպումներ առաջիկայում անպայման լինելու են: